Ապրիլի 13-ին Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական գրադարանում ունեցանք կլոր-սեղան, որով ամփոփեցինք այս տարվա՝ 2022-ի հասարակագիտական ստուգատեսը։ Ամփոփիչ կլոր սեղանին մասնակցում էին դասավանդողներ, տարատարիք սովորողներ, Քոլեջի ուսանողներ, մեզ միացել էր նաև Տիար Բլեյանը։

Ինչպես իր ներածական խոսքում նշեց ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյանը՝ ամփոփեցինք ստուգատեսի օրացուցային ավարտը, քանի որ ստուգատեսը շարունակական է ողջ տարվա ընթացքում, դեռ կունենանք հասարակագիտական բնույթի հանդիպումներ և քննարկումներ։

Կլոր սեղանը վարում էինք մենք՝ ես և 10-րդ դասարանի սովորող Շուշան Փաշինյանը, «Տիգրան Հայրապետյան 2022» մրցանակակիրներս, երկուսով ներկայացրինք ստուգատեսի շրջանում իրականացված կլոր սեղանները, քննարկումները, հանդիպումները, «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխության հագեցած օրը և այլ ստուգատեսային նախաձեռնությունների արդյունքներ։

Կլոր սեղանին հանդես եկան նաև մեր ընկերները, ովքեր ներկայացրին ստուգատեսի շրջանում իրենց կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև հանդես եկան տարբեր առաջարկներով։ Բացահայտեցինք նաև, որ ստուգատեսը ոչ միայն Ավագ, այլև Միջին դպրոցի համար եղել է ոչ պակաս կարևոր։ Միջին դպրոցի սովորողներից Մանե Հովսեփյանը ներկայացավ իր կատարած ուսումնասիրությամբ և իր աշխատանքների ամփոփիչ փաթեթով, որը կատարել էր ստուգատեսի շրջանակում։

Վերջում նաև ներկայացան Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ՝ Տիար Տիգրանյանի ղեկավարությամբ, իրենց առաջարկներով, ուսումնասիրություններով և «հայրենասիրական» կոչերով։ Ներկայացրին իրենց մշակած ծրագրերը, որոնք կօգնեն դպրոցին բարելավել հայրենիքի մասին կրթությունն ու ճանաչողությունը։

Այսպես ամփոփեցինք ևս մեկ հասարակագիտական ստուգատես, որն ինձ համար լի էր հաջողություններով, նոր գիտելիքներով ու ձեռքբերումներով, ինչպես նաև նոր ծանոթություններով։