Բոլորս էլ փոքր տարիքում կարդացել ենք Թումանյանի տարբեր հեքիաթներ, բայց արդյո՞ք հասկացել ենք դրանց իմաստը։ Յուրաքանչյուր տարիքում մենք տարբեր կերպ ենք ընկալում մեր կարդացածի իմաստը, և նույնն էլ այս դեպքում է։

Վերհիշենք օրինակ` «Անբան Հուռին»։ Թվում է` դա մի սովորական հեքիաթ է, որը բոլորս շատ լավ գիտենք, բայց արդյո՞ք այդպես է։ Անկասկած յուրաքանչյուրը (ով կարդացել է այս հեքիաթը) կարող է պատմել բովանդակությունը, սակայն վստահ եմ, որ ոչ ոք չի կարող տալ հեքիաթի բացատրությունը։

Հետաքրքիր է նաև ուսումնասիրել «Մի կաթիլ մեղր»-ը, որի շուրջ ունեցել ենք քննարկումներ։

«Մի կաթիլ մեղր»-ը ընտրվել էր որպես արդի պատմվածք։ Այն գրվել է 1909 թվականին՝ Առաջին աշխարհամարտից ընդամենը հինգ տարի առաջ, իսկ այս պատմվածքը կարծես  ազդարարում էր աշխարհամարտի սկիզբը։

Պատմվածքում կռիվը սկսում է մի կաթիլ մեղրից, իսկ աշխարհամարտը Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից։ Այսպես հասկանում ենք, որ պատերազմի համար պատճառներ պետք չեն, այլ պետք է պատրվակ, առիթ, որով հետագայում կարդարացվի պատերազմը։ Ապա երկու կողմերին միանում են նրանց դաշնակիցները կամ գաղափարակիցները, որով բախումը, պատերազմը դառնում է ավելի զանգվածային։ Նույնը եղավ Թումանյանի՝ վերը նշված բալլադում, 20-րդ դարի երկու աշխարհամարտերում, երբ տարբեր երկրներ ընտրեցին կողմեր և սկսեցին օգնել տվյալ երկրներին։ Միաժամանակ ձևավորվեցին այլ պատերազմներ, որոնց նշանակություն չէին տալիս տվյալ պահին։ Ինչպես, օրինակ, հայերի կոտորածը, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց մտնել աշխարհամարտ՝ Ռուսաստանին թուլացնելու և հայերին ոչնչացնելու նպատակով։

Եվ ահա այսքանը ուշադիր կարդալուց, ուսումնասիրելուց և քննարկելուց հետո հարց է առաջանում. արդյո՞ք Թումանյանի հեքիաթները փոքրերի համար են, թե՞ մեծերի։

One thought on “Թումանյանի հեքիաթները

Leave a comment