Մարտի 18-ը մեզ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ, հրապարակախոս, լրագրող, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կրթահամալիրում օրը Տիգրան Հայրապետյանական էր․․․օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ առավոտյան ժամերգությամբ, այնուհետև «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական գրադարանում ունեցանք կլոր սեղան, որտեղ Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ ներկայացան մեծ քաղաքագետի հոդվածների վերլուծություններով։ Իսկ օրը շարունակվեց Holiday Inn հյուրանոցում՝ «Պատերազմ և Քաղաքականություն» գրքի շնորհանդեսով և «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակաբաշխությամբ։Հայրապետյանական օրն ավարտվեց կրթահամալիրի Մարմարյա սրահում՝ «Ձոն Տիգրան Հայրապետյանին» խորագրով մեդիաուրբաթ-համերգով։

Առավոտյան ժամը 10:00-ին տեղի ունեցավ ամենամյա կլոր սեղանը, որտեղ սովորողները ներկայացրին իրենց ընտրած և վերլուծած հոդվածները։ Բոլորս ընտրել էինք հոդվածներ Տիգրան Հայրապետյանի նոր լույս տեսնող  գրքից։ Ես ընտրել էի «Էթնիկական հակահամակարգ. մեծ ցնցումների ժամանակաշրջանում» հոդվածը։ Նախ տիար Բլեյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, խոսեց Տիգրան Հայրապետյանի, նրա ընտանիքի, իրենց ընկերության մասին, հիշեց և պատմեց հետաքրքիր դրվագներ իր և Տիգրան Հայրապետյանի ընկերությունից։

Կլոր սեղանից հետո մեծ խմբով շարժվեցինք դեպի Holiday Inn հյուրանոց՝ մասնակցելու «Պատերազմ և Քաղաքականություն» գրքի շնորհանդեսին, որտեղ էլ պետք է հանձնվեին «Տիգրան Հայրապետյան» մրցանակները։ Շնորհանդեսին հավաքվել էին Տիգրան Հայրապետյանի ընկերները, գործընկերները, նրա կյանքի ընկերը՝ կինը, ում նախաձեռնությամբ էլ տպագրվել է գիրքը։ Այստեղ լսեցինք Տիգրան Հայրապետյանի մասին հետաքրքիր պատմություններ, ներկաները խոսեցին նրա մասին նախ որպես լավ մարդու, լավ ընկերոջ, իսկ հետո որպես տաղանդավոր քաղաքագետի։ Իմացանք, որ նա է առաջինը շրջանառության մեջ դրել քաղաքագիտական տերմիններն ու եզրույթները հայերենով, իսկ նրանից հետո Հայաստանում այդպես էլ չձևավորվեց քաղաքագիտական դպրոց, ինչպես փաստեցին ներկաները։

Շնորհանդեսի ավարտին  տիար Բլեյանը ներկայացրեց սեբաստացի երեք մրցանակիրներին՝ 1 դասավանդող և 2 սովորող, որոնց թվում նաև ես էի․․․իսկական անակնկալ էր ինձ համար, շա՜տ հուզված էի․․․ 

Մրցանակակիրները ստացան նաև նոր գրքի օրինակներից։

Այս օրը մեզ ավելի մոտեցրեց Տիգրան Հայրապետյանին, նրա ժառանգությանը, որը մեզ համար քաղաքագիտական և վերլուծական մտքի զարգացման լավագույն պաշար է։

Պատերազմ և քաղաքականություն. մարդկության հասարակական գիտակցության մեջ արմատավորված երկու հասկացություն, որոնցից մեկը՝ պատերազմը, մյուսի՝ քաղաքականության ուժային դրսևորումն է, դրանով իսկ՝ վերջինիս տարատեսակներից մեկը

«Պատերազմ և քաղաքականություն» Տիգրան Հայրապետյան

Օրվա կարճ քրոնիկոնը՝ ռադիոնյութով․

8 thoughts on “Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը. Կլոր սեղան և «Պատերազմ և Քաղաքականություն» գրքի շնորհանդես

Leave a comment