Մենք բոլորս Թումանյանին ճանաչում ենք որպես հեքիաթագիր, բանաստեղծ, թարգմանիչ կամ հասարակական-քաղաքական գործիչ։ Իր հեղինակային կյանքի մանրամասները արժանի են ուսումնասիրության, այդ պատճառով չուզեցա խորանալ գրողի անձնական կյանքի մեջ, այլ նախընտրեցի գործնականը։

Նախ ասեմ, որ Թումանյանի ցանկացած գործ կարելի է կարդալ տարբեր տարիքային շրջանում և դրան նայել ուրիշ տեսակետով։ Նրա ստեղծագործությունները ունեն խորիմաստության տարբեր մակարդակներ և յուրաքանչյուրս ինչ-որ դաս ունենք քաղելու նրա ստեղծագործություններից։

Փոքրուց սիրում էր գրել. ստեղծագործական կյանքի առաջին շրջան (1881-1886)

Թումանյանը դեռ մանուկ հասակից սիրում էր ստեղծագործել՝ գրում էր տարբեր տեսակի պատմվածքներ կամ փոքր բանաստեղծություններ։ Նրա վաղ տարիքի բանաստեղծություններից ուզում եմ առանձնացնել «Հոգուս հատոր» բանաստեղծությունը, որը նա գրել է իր առաջին սիրո մասին։ Թումանյանի գրելաձևը գերում էր Թիֆլիսի երիտասարդ օրիորդներին, ովքեր սիրում էին կարդալ նրա բանստեղծությունները, մանավանդ սիրայինները։

Առաջին հրապարակումը. ստեղծագործական կյանքի երկրորդ շրջան (1887-1892)

Թումանյանի ստեղծագործական 2րդ շրջանը կապվում է Թիֆլիսի կոնսիստորիայում ծառայելու հետ։ 1887 թվականին «Նոր Դար» լրագրում անանուն կերպով հրապարակում է «Մի ավանդություն» հոդվածը, ապա սկսում հրապարակել զվարճալի պատմություններ լոռեցիների առօրյայից։ 1890 թվականին իր ընկերների աջակցությամբ և խորհրդով լույս տեսավ Թումանյանի առաջին ժողովածուն, ապա 1892 թվականին հրապարակվեց դրա վերամշակված տարբերակը։ Ժողովածուն ընդգրկում է՝ 71 բանաստեղծություն, 6 պոեմ, մի քանի բալլլադ։ 1892 թվականին Թումանյանը վերջապես կարողանում է աշխատանք գտնել Կովկասի Հայոց հրատարակչական գրասենյակում։

Ներքին կուտակման տարիները. ստեղծագործական կյանքի երրրորդ շրջան (1893-1900)

Երրորդ շրջանը Թումանյանի ստեղծագործական ներքին կուտակման տարիներն էին։ 90ականներին Թումանյանը ստեղծագործական վերելքի ճանապարհին էր։ Առանջին հրատարակություններով լույս տեսավ մի փոքրիկ ժողովածու, որն ընդգրկում էր 4 չափածո և 1 արձակ ստեղծագործություն։ Ամսագրերում առանձին-առանձին լույս տեսան նաև մի քանի տասնյակ բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից, պատմվածքներ և հեքիաթներ։ Այս շրջանում Թումանյանը հիմնականում աշխատում էր իր պոեմների վրա և նույնիսկ հրապարակում դրանց նախնական տարբերակները։ Նա նաև ակտիվորեն գրում էր հոդվածներ։

Բարձրակետը. ստեղծագործական կյանքի չորրորդ շրջան (1901-1905)

Երրորդ շրջանիհամեմատաբար պասիվ գործունեությունից հետո՝ Թումանյանի ստեղծագործական կյանքի չորրորդ փուլում Թումանյանն ավարտին հասցրեց բազում գործեր։ Նշանավոր էր «Անուշ» պոեմի արմատական փոփոխությունն ու կատարելության հասցնելը։ Առաջին անգամ տպագրվեցին՝«Սասունցի Դավիթը», «Փարվանան», «Թմկաբերդի առումը» և այլ նշանավոր գործեր։ 1903 թվականին տպագրվեց Թումանյանի թերևս ամենաճոխ ժողովածուն, վերնագրված «Բանաստեղծություններ»։ Այն հայ գրականության խոշորագույն նվաճումներից էր։ Այս շրջանում Թումանյանը վերացրեց 80-90ական թվականների իր երկերի մեջ առկա երկարաբանությունները, կառուցվածքի թափթփվածությունը։ Այս շրջանը համարվում է Թումանյանի ստեղծագործական կյանքը բարձրակետը։

Հասարակական-քաղաքական շրջան. ստեղծագործական կյանքի հինգերորդ շրջան (1906-1914)

Հինգերորդ շրջանը ավելի շատ հասարակական-քաղաքական բնույթի էր, քան ստեղծագործական։ Այս ամենը պայմանավորված էր Կովկասում ստեղծված բարդ իրավիճակից, որը ստիպեց բանաստեղծին ժամանակավորապես հրաժեշտ տալ իր հին ու նոր գրական ծրագրերին։ Հիմա նրա նպատակը մեկն էր՝ամենուր հաստատաել խաղաղություն։ Զբաղվեց մարդասիրական գործունեությամբ, սակայն ինչպես այդ ժամանակների հայ բանաստեղծների մեծամասնությունը, Թումանյանը նույնպես ձերբակալվեց 1909 թվականին և Մետեխի բանտում գրեց «Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջքը»։ Սակայն մինչ ձերբակալությունը, լույս էին տեսել Թումանյանի մանկական ստեղծագործությունները՝«Հասկեր» մանկական ամսագրում։ Այդ գործերից էին՝«Գիքորը», «Գառնիկ ախպերը», «Չարի վերջը», «Տերն ու Ծառան» և այլն։ Երկու տարի անց՝ 1907-ին Թումանյանը Լիսիցյանի և Շանթի հետ միասին սկսեցին կազմել և հրատարակել «Լուսաբեր» դասագիրքը: Այս երկու ձեռնարկները հնարավորություն տվեցին ամբողջապես բացահայտելու Թումանյան մանկագրի տաղանդը: Թումանյանը սկսեց գրել մանկական լսարանին հասցեագրված բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ:

1908 թ. Բաքվում տպագրվեց բանաստեղծի հերթական ժողովածուն, կրկին «Բանաստեղծություններ» խորագրով՝ Հովհաննես Քաջազնունու խմբագրությամբ: 1910-ական թթ. Թումանյանը մեծ գործ կատարեց նաև օտար հեքիաթների թարգմանության ուղղությամբ: Դրանք սովորական թարգմանություններ չէին, այլ փոխադրություն-հայացումներ, որտեղ թարգմանիչն իրեն ազատ է զգացել մոտենալու ստեղծագործաբար: Կովկասի հայոց հրատարակչական ընկերության առաջարկով 1913-1914 թթ. նա թարգմանեց Գրիմ եղբայրների հեքիաթների մի մասը: Ապա թարգմանեց իռլանդական, արաբական, ճապոնական և այլ հեքիաթներ: Քննադատական և հրապարակախոսական հոդվածներն ու ելույթները ընդլայնում էին նրա արծարծած հարցերի շրջանակը: Թումանյան քննադատին զբաղեցրել է հայ գրականության զարգացման բոլոր շրջանները:

Վերջին տարիները. ստեղծագործական կյանքի վեցերորդ շրջան (1915-1922)

Թումանյանի կյանքի և ստեղծագործության  վերջին շրջանն ընդգրկում է համաշխարհային պատերազմի, հայոց մեծ եղեռնի, պատմական այլ իրադարձությունների բուռն ընթացքը, որի հետ կապված էր քաղաքացի-բանաստեղծի ճակատագիրը։ Թումանյանը ստեղծագործելու հետ զուգահեռ զբաղվում էր մարդասիրական գործունեությամբ, մեկնում ռազմաճակատ։ Զարմանալի է, որ ժամանակ էր գտնում գրել և գրել այնքան ոգով, այնքան գեղեցիկ։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ այս տարիներին նկատվում է ժանրային տեղաշարժ. չափածո և արձակ էպիկական տեսակները հասնում են նվազագույնի: Առաջին պլանում են հայտնվում քնարական ընկալման ձևերը՝ բանաստեղծությունը և քառյակը: Հարազատ ժողովրդի, հայրենիքի ճակատագրի մասին նա 1914-16 թթ. գրեց բանաստեղծությունների մի նոր շարք, որը ներառում էր  «Հայրենիքիս հետ»«Հոգեհանգիստ»«Վերջին օրը»«Դժոխքի հանդեպ» և այլն: Այս շրջանում հատկապես նկատվեցին  Թումանյանի հայրենասիրական կապը համամարդկային գաղափարների, մարդասիրական սկզբունքների հաղթանակի հեռանկարի հետ:

Սակայն ստեղծագործական կյանքի վերջին  շրջանի գեղարվեստական ամենամեծ արդյունքը եղան քառյակները, որոնց վրա բանաստեղծն աշխատել է 1916-1922 թթ.: Թումանյանի չափածո ստեղծագործության՝ հեղինակի կազմած  վերջին և ամենածավալուն ժողովածուն եղավ 1922 թ. Կ. Պոլսում հրատարակված «Բանաստեղծություններ» գիրքը: Այսպիսով՝ նա արդեն հինգերորդ անգամ կրկնում էր իր ժողովածուների այդ կայուն վերնագիրը: Վերջին բանաստեղծական էջերը, որոնց վրա Թումանյանն աշխատել է 1922 թ. ամռան ամիսներին, արդեն ծանր հիվանդ վիճակում, եղան «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունը և «Անբուն կկուն» այլաբանական անավարտ երկը:

2 thoughts on “Հովհաննես Թումանյանը՝ որպես հեղինակ. ստեղծագործական կյանքի շրջանները

Leave a comment